ՏԻՐ-ԱՐ-ի մասին

Vahe AntanesyanՍիրելի բարեկամ.

 

«Տիր-Ար» ընկերությունն իր գործունեությունն սկսել է զբոսավարների պատրաստման դասընթացներով: Ի դեպ, այս դասընթացների միտքը միանգամայն պատահական ծագեց: Հայ ժողովուրդը հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունի: Հայերը համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողներից մեկն են: Սակայն մինչ օրս հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին առնչվող շատ խնդիրներ բազում տարակարծությունների տեղիք են տվել` կապված նորահայտ աղբյուրների, ուսումնասիրությունների հետ, ինչը նոր երանգ է հաղորդում պատմության և մշակույթի առանձին հարցերի լուսաբանմանը: Եվ ահա մենք միտք հղացանք զբոսաշրջության ոլորտում առաջին քայլերն անել գիդերի պատրաստման դասընթացներով` խնդիր ունենալով Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հրամցնել մեր պատմությունն ու մշակույթը նորովի` ավելի վառ, ավելի գունեղ, ինչպես վայել է հային ու հայկական հյուրընկալությանը…

 

Բայց, նախ փորձեմ ներկայանալ ինքս. Ես Վահե Անթանեսյանն եմ` մասնագիտությամբ պատմաբան, գրող-հրապարակախոս: Վերջին երեք տարիների ընթացքում Ձեր խոնարհ ծառան հանրության քննարկմանն է ներկայացրել ինը գիրք և շուրջ երեք հարյուր հրապարակախոսական հոդվածներ: Իմ հոդվածների ճնշող մեծամասնությունը վերաբերվում են Հայաստանի պատմությանը և մշակույթին: Մասնագիտության բերումով տարիներ շարունակ ճամփորդել եմ մեր հինավուրց, չքնաղ երկրում` ամեն անգամ նորովի բացահայտելով այն: Եվ ամեն անգամ այցելելով պատմական հուշարձան` մտովի տեղափոխվել եմ դարերի խորքը և այդ հուշարձանի պատմությունը վերապրել….

 

Այսօր մենք այլ իրականության մեջ ենք բնակվում… Քսանմեկերորդ դարը շատ մեծ հնարավորություններ է ընձեռում մարդուն: Մարդուն, ով անգամ կարող է ճամփորդել հեռավոր երկրներ` իր տանը, իր աշխատասենյակում համակարգչի դեմ նստած: Սակայն ոչինչ չի կարող փոխարինել իսկական կենդանի ճամփորդությանը…երբ Դուք այցելելով մեր հնամենի հայրենիք, որ իրավամբ համաշխարհային քաղաքակրթության ակունքներից մեկն է, Ձեր ձեռքով շոշափեք հազարամյակների խորքերից վեր հառած այս քարեղեն հուշարձանները և մեր զբոսավարների հետ կենդանի շփման արդյունքում Ձեզ համար նորովի կբացահայտեք Հայաստանը:

 

Հարգելի բարեկամ. Մենք սիրում ենք մեր երկիրը և մեր հյուրերի առջև պատրաստակամ ենք բացել այս հրաշք բնաշխարհի գաղտնիքները…. Եթե երբրև որոշեք այցելել Հայաստան` համոզված եղեք, այստեղ Ձեզ սպասում են ոչ միայն բազում անակնկալներ…. աստվածային արարչագործ այս երկրում Դուք անգամ կբացահայտեք նորովի… ինքներդ Ձեզ:

 

Հարգանքով,

Վահե Անթանեսյան

 

«Տիր-Ար»  ընկերության տնօրեն