Հիմնական ինֆորմացիա

 

 Հայաստանի հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում: Հանրապետության տարածքը 29800 ք/կմ է: Սահմանակից է հյուսիսից Վրաստանին, արևելքից և հարավ-արևմուտքից Ադրբեջանին, հարավ-արևելքից Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը, հարավից Իրանի իսլամական հանրապետությանը, արևմուտքից` Թուրքիային: Հայաստանը չունի ելք դեպի ծով:

ՀՀ պետական լեզուն հայերենն է, որ պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում է առանձին ճյուղ: Օգտագործվում է մեսրոպյան այբուբենը, որը կիրառության մեջ է 405 թվականից:

Հայաստանի սահմանադրական կարգը նախագահական հանրապետություն է, դրամական միավորը` ՀՀ դրամ:

ՀՀ տարածքը բաժանվում է 11 միավորների` 10 մարզերի և մայրաքաղաք Երևանը, որ առանձնահատուկ կարգավիճակ ունի: Մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է, հիմնադրվել է մթա 782 թվականին: ՀՀ կա 48 քաղաքային, 949 գյուղական բնակավայր:

Հայաստանի բնակչությունը համեմատաբար միատարր է. առկա 3200000 բնակչության 98% կազմում են հայերը, որոնք դավանում են քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի, որի կենտրոնը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:) Հայերը պատկանում են եվրոպոյիդ ռասսայի Արմենոիդ մարդաբանական տիպին և տարածաշրջանի հնագույն և ամենազարգացած մշակույթն ունեցող ժողովուրդն են: Ազգային փոքրամասնություններն են հույները, եզդիները, քրդերը, ռուսները, ասորիները և այլք:

Պատմականորեն Հայաստանը գտնվել է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ճանապարհների խաչմերուկում: Այսօր էլ Հայաստանով է անցնում Հարավ-Արևելյան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որ միջնադարի նմանությամբ այսօր ստացել է ՙՄետաքսի նոր ճանապարհ՚ անվանումը:

Գտնվելով բարեխառն կլիմայական գոտում` Հայաստանի բնությունը հարուստ է և բազմազան կենդանական, բուսական աշխարհով: Բնական առանձնահատկությունների վրա ազդել է նաև երկրի լեռնային դիրքը և ուղղաձիգ գոտիականությունը: Երկրի մակերևույթի 80% գտնվում է ծովի մակարդակից 1000-2500 մետր բարձրության վրա: ՀՀ տարածքով հյուսիսից հարավ ձգվում է Փոքր Կովկաս լեռնաշղթան: ՀՀ ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4090 մետր, ամենացածր կետը գտնվում է երկրի հյուսիսում` Բագրատաշեն գյուղը Դեբեդի հովտում` 280 մետր:

Երկիրը հարուստ է ջրային պաշարներով. ՀՀ արևմտյան սահմանով է անցնում Հարավ-Արևմտյան Ասիայի ամենամեծ գետերից մեկը` Արաքսը: ՀՀ բնության զարդն է կազմում կապուտաչյա Սևանը, որ գտնվում է 1910 մ բարձրության վրա և ունի 1264 ք/կմ մակերես: Սևանը Տիտիկակա լճից հետո աշխարհում երկրորդ ամենաբարձր լեռնային լիճն է:

Երկիրը հարուստ է օգտակար (հիմնականում մետաղաքան և կրաքարային) հանածոներով: Զարգացած է լեռնային արդյունահանումը, մետաղամշակությունը: