Հայկական մշակույթ

Հայկական մշակույթը հազարամյակների պատմություն ունի: Հայաստանը լինելով Առաջավոր Ասիայի զարգացած երկրներից մեկը` մշակութային դոնոր է հանդիսացել շրջակա ժողովուրդների համար: Հին հայկական մշակույթի մասին մեզ տեղեկություններ են ավանդվել մինչ օրս պահպանված առասպելներից, ավանդույթներից, կրոնական հավատալիքներից, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից:

Այսօր Հայաստանում զբոսաշրջիկը կարող է տեսնել ավելի քան 5000 պատմական հուշարձան: Միայն մայրաքաղաք Երևանում կան ավելի քան 40 թանգարաններ և պատկերասրահներ:

Հելլենիզմի դարաշրջանում կապված հայկական պետության ծաղկման հետ` հայոց մշակույթը հասնում է ծաղկման բարձր աստիճանի: Հայաստանում տասնյակ մեծ ու փոքր քաղաքներ են կառուցվում, զարգանում է նյութական մշակույթը, արվեստները, արհեստները, քանդակագործությունը: Դեռևս մթա 3-րդ դարից Հայաստանում հայտնի է թատրոնը: Թատրոններ եղել են Հայաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում: Հետագայում էլ հայկակն թատրոնը մեծ զարգացում և ծաղկում ապրեց:

Երկրում զարգանում է ամրոցաշինությունը, տաճարաշինությունը… պահպանված եզակի գեղեցկությամբ կառույցներից է Գառնիի տաճարը: Նյութական մշակույթի գոհարներից հայտնի է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը, որ պահպանվում է Բրիտանական թանգարանում, Երևանի պատմության թանգարանում պահպանվում են ժամանակաշրջանի նյութական մշակույթի բազում արժեքներ:

Հայկական երաժշտությունը հայտնի է աշխարհին իր հիասքանչ գոհարներով: Շատ հայտնի է հոգևոր երաժշտությունը` շարականները: Աշխարհին են հայտնի Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ խաչատուրյանի ստեղծագործությունները: Մայրաքաղաք Երևանում հայտնի են այնպիսի արվեստի դարբնոցներ, որպիսիք են օպերայի և բալետի պետական թատրոնը, Կամերային երաժշտության տունը, Ֆիլհարմոնիան…

Հայ ժողովրդի կյանքում մեծ դեր է կատարել գրականությունը: Դեռևս հազարամյակներ առաջ հայերը ստեղծել են գրային մշակույթ` սեպագրերի տեսքով: 405 թվականին մաշտոցյան գրերի հայտ գալուց հետո ծաղկում ապրեց գրականությունը: Հայերը ստեղծել և աշխարհին են ժառանգել հարուստ գրական ժառանգություն: Երևանի մատենադարանում այսօր մոտ քսան հազար հին ձեռագիր է պահպանվում, որոնք վկայում են հին Հայաստանում ոչ միայն գիտության, այլև արհեստների և արվեստի բարձր զարգացվածության մասին: Մանավանդ մեծ բարձունքի հասավ հայոց գիտությունը: Միջնադարյան Հայաստանում տասնյակ համալսարաններ են գործել:

Դեռևս հազարամյակներ առաջ հայերը ստեղծել են մանրանկարչության գոհարներ: Արվեստի այս ճյուղը զարգացավ հատկապես միջնադարում` կիրառական արվեստի գործերում և հայ մատենագրության մեջ: Միջնադարյան ծաղկողներից հայտնի են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի անզուգական աշխատանքները: Ինչպես նշում են եվրոպական ուսումնասիրողներից շատերը, Եվրոպական վերածնունդը սկսվել է հենց հայաստանից:

Հայ նկարիչներից մեծ համբավ են վայելում Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը. Հովհաննես Այվազովսկին, Արշիլ Գորկին, Գառզուն, Ժանսեմը…

Կիրառական մշակույթից շատ զարգացած են գորգագործությունը, կարպետագործությունը, որի գեղեցիկ նմուշներ այսօր էլ Հայաստանում կարելի է ձեռք բերել: Կիրառական մշակույթը չի սահմանափակվում վերը նշվածով. այն բազմազան է և ներառում է շատ ոլորտներ. քարագործություն, մետաղագործություն…

Աշխարհին է հայտնի հայկական խաչքարը: Առհասարակ, քարի մշակման տեխնոլոգիան հնուց Հայաստանում շատ բարձր մակարդակ է ունեցել: Դրա վկայությունն են հայկական ճարտարապետության կոթողները. Էջմիածին, Տաթև, Սանահին, Հաղբատ, Քոբայր… այս եկեղեցիներից շատերը, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են, հիացնում են ոչ միայն չքնաղ ճարտարապետությամբ, այլև որմնանկարներով: Հենց հայկական ճարտարապետությունն են նկատի ունեցել, երբ օտար մասնագետները Հայաստանն անվանել են թանգարան բաց երկնքի տակ: